суббота, 27 марта 2010 г.

"Halloween" համար 3

Արամ և Մարիամ
Երբ խավարը կրկին տիրեց ամենուրեք, Արամը կանգնեց կքանստած վիճակից, որն ընդունել էր պաշտպանության համար և զարմացած շուռ եկավ, չհասկանալով կատարվածը: Մի քանի վայրկյանից տղան համակերպվեց մթության հետ, բայց անսպասելի ծանոթ մի ձայն կանչեց նրան լռության միջից: Այնքան հաճելի էր այդ ձայնը, որ նա սրտի թրթիռով շրջվեց դեպի այն:
Անծայրածիր խավարից իրեն էր նայում աղջկա դեմք, ինչը և´ անհանգստություն, և´ զարմանք առաջացրեց Արամի մեջ: Սևահեր, թախծոտ աչքերով, մանկական միամիտ դեմքը նայում էր իրեն, կարծես չտեսնելով: Արամի սիրած աղջիկն էր, որի միայն պահվածքից նա կարող էր ենթադրել, թե ինչքան շփոթված և վախեցած էր իր սիրելին: Այդուհանդերձ, Կարինեն, այսպես էին կոչում աղջկան, չէր հեռացնում աչքերը Արամի դեմքից:
Կարինեն այնքան հեռու էր թվում իրեն, չնայած պարզ տեսնում էր նրա դեմքը: Նախ չիմացավ ինչ անել: Կամաց-կամաց փոքր քայլերով գնաց դեպի աղջիկը: Թեպետ վերջինս չէր շարժվում, բայց նույն արագությամբ նրա պատկերը սկսեց հեռանալ իրենից: Արամն անցավ ավելի մեծ քայլերի և սկսեց վազել, բայց արդյունքը նույնն էր:

Երբ նրանք կանգնեցին, Արամը նոր միայն լսեց կնոջ խոսքերը, որը փորձում էր պարզել, թե ինչ է պատահել: Չէր հասցրել Արամը պատասխանել և նրանց շունչները դեռ չէին կարգավորվել, երբ պայծառ լույսն ուղղվեց Արամի աչքերին: Նա ձեռքով փակեց դեմքն ու մռնչաց, որի արձագանքը հասավ մինչև անտառի եզրերը:
Վառ լույսի պատճառով, տղան նկատեց մոտեցողին, երբ վերջինս գտնվում էր համարյա ականջին մոտ:
-Մոռականն այստեղ է: Մենք եկել ենք տանելու ձեզ,-գրեթե շշնջաց նորեկը:
Արամը հանգստացավ և հաջորդ վայրկյանին նրանք մեքենայով արդեն դուրս էին եկել մայրուղի: Երեք մեքենաներից մեջտեղինի մեջ գտնվում էին Արամը, Մարիամը և երկու զենքավորներ` ամբողջովին զենք ու զրահով:
Երկար ժամանակ է արդեն, ինչ նրանք սլանում էին: Տիրող լարվածությունից բոլորն էլ լուռ էին և պատրաստ: Այնքան խաղաղ էր ամեն ինչ, որ Արամին սկսեց թվալ` արդյո՞ք նորեկը չխաբեց:

Դանիել Մոռական
Տոհմական առանձնատանը հոր հետ տեղի ունեցած խոսակցությունից հետո, թեպետ հոգու ճեղքվածքը փակվել էր, բայց թույնը անտեսանելի մի անցքից դանդաղ կաթում էր սրտի խորքը, իսկ կասկածի սև որդը քաշվել էր դրա մութ անկյունը, բայց ամենևին չէր անհայտացել: Այդ առիթով մտածելիս, Դանիելը, կարծես ֆիզիկապես զգում էր մակաբույծի խլվրտոցը: Չնայած դրան տոհմական կարգուկանոնն ու ավանդույթները, ըստ որոնց նա չէր կարող դեմ գնալ տոհմակիցներին և, հատկապես տոհմապետին կարծրացել և նստվածք էին դարձել նրա հոգում: Սակայն ինքն էլ զգում էր, որ բավական կլինի միայն մի կայծ, ճեղքվածքի, առաջվանից ավելի խորը բացման համար:
Դանիելը փորձում էր չմտածել դրանց մասին, խեղդելով իր մեջի կենդանուն այգու աշխատանքների մեջ, որոնք հանձնարարել էր հայրը, բայց որդը մեկընդմեջ դուրս էր գալիս մակերես:

Յաման-Դայի
Չնայած այդ ամենին Յաման-Դային շարունակում էր քայլել` ծանր և դանդաղ: Նա այլ էր հիշում իր բնակավայրն ու ամբողջ հովիտը: <<Կապուտակ լճերը>> շրջապատող բարձր բլուրներից հովիտը մի ժամանակ դրախտավայր էր երևում: Թեպետ գյուղից այն կողմ չէր եղել, բայց կանաչափայլ անտառների և բույսերի ու ծառերի անուշահոտությունների մասին շատ էին պատմում լճեցիները: Անտառների միջով, անհայտ տեղերից սկիզբ առնող զուլալ և սառը ջրերով մեկ անգամ չէր, որ բժշկվել էր տարբեր հիվանդություններից: Իսկ առվակների քչքչոցների մասին ասում էին, թե փոքրիկ ջրահարսներն են աշխույժով խաղում և ծիծաղում:
Հիմա չկար ո´չ հովիտը, ո´չ հարազատ մեկ մարդ: Մի՞թե այդքան երկար էր փակի տակ մնացել Դային: Մի կողմից չէր ցանկանում մտածել ոչնչի մասին, մյուս կողմից` թանձր, ծանր մշուշը պատել էր ուղեղը, որևէ մտքի զարգանալու հնարավորություն չտալով: Կիսաբաց աչքերով Դային հազիվ նկատեց իր դիմաց խոյացող քարքարոտ ժայռում սև խորշը, որը, կարծես հրավիրում էր իր մեջ հանգչելու և ազատվելու անտանելի բեռից, որ կախված էր նրա վրա:

Комментариев нет:

Отправить комментарий