воскресенье, 27 декабря 2009 г.

"Halloween Magazine Projects" գլխավոր ֆորում

Տվյալ բլոգը նախատեսված է ամսագրի համարներից յուրաքանչյուրի հետ, ընթերցողի մակերեսորեն ծանոթացման համար: Ամսագրի գլխավոր ֆորումը գտնվում է hallomag.blogspot.com հասցեում, որտեղից կարելի է ներբեռնել ամսագիրն ամբողջությամբ և տեղեկանալ այլ ծրագրերի մասին: Օնլայն ռեժիմում ամսագրի էջերը տրված են առանց նախշազարդերի և նկարների:

"Halloween" համար 2

էջ 4.
Մի քանի րոպեից տղան ծեծում էր եկեղեցու փակ, պողպատյա, ծանր դուռը, և, որովհետև ժամը ուշ էր, նա ստիպված եղավ սպասել: Վերջապես, մետաղյա դուռը ճռնչալով բացվեց, և նրա ետևից տղային նայեցին երեխայի զույգ աչքեր: Ամենայն հավանականությամբ, այդտեղ աշակերտողներից մեկն էր և մինչ նա կհասցներ ինչ-որ բան ասել, տղան հրեց դուռը և ներս մտավ:
-Հայտնիր քահանայապետին, որ այստեղ վիրավոր կա,-շուտ սկսեց նա, և մինչ մանուկը, ռարակուսած աչքերը կնոջ մարմնի վրա, հեռանում էր սրահից, տղան փորձում էր զսպել իրեն տիրացած դճոխային կրակների շոգն ու խավարը, որ մի քանի րոպեների ընթացքում հասցրել էին ամբողջովին տիրանալ հոգուն և մարմնին:
Մի քանի րոպե էր անցել, երբ սրահ մտան երկու սևազգեստ, տարիքավոր եկեղեցականներ և չորս-հինգ, բաց գույնի շորերով երիտասարդներ` առաջինների աշակերտները: Քահանաները շրջապատեցին Մարիամի մարմինը, մի երկու խոսք փոխանակեցին միմյանց մեջ և աշակերտների հետ դուրս տարան կնոջը եկեղեցու ներքին սենյակները: Երբ սրահ մտավ քահանայապետը, տղան, որ մինչ այդ քաշվել էր սենյակի խորքը, մոտեցավ, և եկեղեցական կարգերը չիմանալով, խոնարհումով բարևեց:
-Ինչպե՞ս է անունդ, տղաս,-քմծիծաղով սկսեց քահանայապետը:
-Արամ,-պատասխանեց երիտասարդը, չհասկանալով եկեղեցականի ժպիտի իմաստը:
-Ի՞նչ է պատահել կնոջը:
Տղան պատմեց ողջ եղելությունը:
-Դու ճիշտ ես վարվել: Իսկ չտեսա՞ր, թե ով է կրակել կամ էլի ինչ-որ մեկը տեսե՞լ է ձեզ,-խաղաղ հանգստությամբ հարցրեց եկեղեցականը:
-Չէ, չեմ կարծում: Ես շատ արագ հասցրի նրան այստեղ: Իսկ դուք կարո՞ղ եք օգնել կնոջը:
-Մենք կանենք ամեն ինչ, փրկելու նրան: Դու բարի գործ ես արել: Հիմա գնա և Տերը քեզ հետ: Այսուհետև, կինը գտնվում է եկեղեցու և Տիրոջ խնամքի ներքո, հանգիստ եղիր նրա համար:

էջ 12.
Ինչպես և ենթադրում էր համալսարանից դուրս գալուց, գինետունն այդ օրը լիքն է մարդկանցով: Բայց երիտասարդը ուշադրություն չդարձրեց նրանց վրա: Այնուամենայնիվ, կառավարիչը առանձին, գողտրիկ մի անկյունում տեղադրված սեղան գտավ երիտասարդի համար, և չէր հասցրել վերջինս տեղավորվել դրա շուրջ, երբ նրա դիմաց հայտնվեցին կարմիր գինով լի գավաթը և մրգով ափսեն:
Տղան գլխով արեց մատուցողին և տեղավորվեց, հանեց պայուսակի մեջ տեղադրված ակարգիչը բացեց էկրանը: Այն բաժանված էր երկու մասի` մի մասում Դանիելն էր, որ դուրս էր գալիս եկեղեցուց, մյուս կեսում Արամն էր, որ քայլում էր նույն գինետունը, որտեղ գտնվում էր տղան: Երբ Արամը ներս մտավ և տեղ զբաղեցրեց երիտասարդի դիմաց, նրա աչքերը միայն անսպասելիություն էին արտահայտում: Այդ նկատեց նաև տղան և սկսեց.
-Հիմա քաղաքում ձեր համար վտանգավոր է: Մի քանի օրից ձեզ կհայտնաբերեն այստեղ, ուստի պետք է հեռանալ:
Խոսացողը դեռ չէր վերջացրել ասելիքը, երբ Արամն ընդհատեց նրան.
-Ես այստեղ հարազատ մարդ ունեմ, ինձ սիրելի, կարող են նրանք վնասել նրան:
-Հիմա նրանց պետք եք միայն դու և Մարիամը, իսկ աղջիկը ոչ մի վտանգ չի ներկայացնում, համենայն դեպս, այդպես է լինելու մոտ ժամանակներս: Հետագայում, եթե ինչ-որ բան փոփոխվի, մենք կպաշտպանենք նրան:
-Իսկ տոհմականը կարո՞ղ է նրա հետքը վերցնել:
-Ինչքան քիչ մարդ իմանար քո կապի մասին աղջկա հետ, այնքան, հիմա, ապահով կլինի նրա համար: Ապահովության համար, նաև, մոտ ժամանակներս կապի մեջ մի եղիր նրա հետ:
Գնա, հիմա, հավաքիր անհրաժեշտը, վերցրու Մարիամին` նա դեռ թույլ է և հոգածության կարիք ունի: Մեկ ժամվա ընթացքում ես կհայտնեմ, թե որտեղ է սպասելու մեքենան` ձեզ այստեղից հեռացնելու համար:
-Ինչքա՞ն ժամանակ է այդ ամենը տևելու,-փոքր ընդմիջումից հետո հարցրեց Արամը, հույս ունենալով, գեթ մեկ լավ լուրի:
-Առայժմ չեմ կարող այդ հարցին պատասխանել:

էջ 16.
Շքեղ լուսավոր սենյակում, որտեղ պետք է կայանար դատը, նա կանգնած էր փայտից պատրաստված, փայլուն, կարմիրին տվող գույնի պատվանդանի ետևում, սենյակի պատերի տակ շարված էին ժելեանման, անձև ու անչափ, բաց գույնի արարածներ, որոնց մարմինը, երկար պարանոցով, միանում էր մի վերջույթի, որ դժվար էր գլուխ անվանել: Դատապարտյալի տեղում կանգնած էր նույնպիսի մի արարած` անգլուխ և մուգ գույնի: Դրան նայելով կարելի էր եզրակացնել, որ մահապատիժը ավելորդ էր, քանզի այդ արարածը, եթե ոչ մեռած, ապա կենդանի էլ չէր: Բաց գույնի արարածներից մի քանիսը թաթերին, որ նույնպիսի լպրծուն զանգվածներ էին, բռնած ունեին նիզակներ, որոնք, ավելի շուտ որսի, քան հսկողության համար էին:
Արարողությունը մի քանի րոպե էր արդեն, որ սկսվել էր և ոչ մի արտառոց բան չէր նկատվում, երբ անգլուխ, մուգ գույնի զանգվածը սկսեց մարդանման կերպարանք ընդունել` նախ հայտնվեցին ոտքերը, հետո` մարմնի միջից, դանդաղորեն դուրս եկավ գլուխը: Պահակները և սենյակում հավաքվածներն անհանգստացան, նիզակավորները` պատրաստվեցին: Հանկարծակի բոլորի համար, մարմնից դուրս եկավ ժելեանման ձեռքը և ուղղվեց հավաքվածների վրա: Պատվանդանի ետևում կանգնած, խոսքն ընդհատած, նա լուռ և հրճվանքով նայում էր հանցագործին, կարծես թատրոնի հերթական ներկայացմանը, բայց, երբ պահակների, հետո բոլոր հավաքվածների գլխանման վերջույթները դանդաղ սկսեցին քաշվել անձև մարմինների մեջ, պահակների մոտից ընկան նիզակները, ջղայնությունն ու անիմացությունը պատեցին նրան: Եվ, երբ մուգ արարածը գլուխը բարձրացրեց իր վրա, կողքի նիզակը սուրաց դեպի ձևավորված մարմինը և վնասեց թևը: Չէր հասցրել ձգվել մյուս նիզակի ետևից, երբ գորշ էակը, տեսնելով մուտքից մոտեցող պահակներին, դեպի կտուր տանող աննշան ճեղքով ձգվեց և անհայտացավ:

"Halloween" համար 1

էջ 4.

Հուսահատ էր կնոջ դեմքը: Այս որերորդ օրն էր արդեն, երբ դուրս էր գալիս աշխատանք փնտրելու, բայց ամեն օրվա վերջում նույն արդյունքն էր` ոչ մի արդյունք:Բնակարանի կահավորանքը համեստ էր: Աչքի էր ընկնում միայն ննջասենյակի պատին կախված հսկայական նկարը, որը պատկերում էր արևոտ մի ծովափ` դեղին ավազ, կապույտ, ջինջ երկինք, վառող արև, պարզ և խաղաղ ծով: Մռայլ բնակարանի մեջ այն միակ գունավոր կետն էր:Կինը փոխեց թաց շորերը: Կատուն հանգիստ նստել էր նկարի դիմաց և կարծես ինչ-որ բանի էր սպասում: Տարօրինակ կինը կենդանու կերամանի մեջ լցրեց նրան հասանելիք բաժինը, ամանը դրեց կատվի դիմաց և քայլերն ուղղեց դեպի նկարը: Երբ կինը ձեռքը ձգեց դեպի այն, ճայերի զիլ ճիչը լցրեց սենյակը, արևի տաք շողերը տաքացրեցին կնոջ սառած մարմինը, և ծովի ալիքները դուրեկան երգ երգեցին: Բնապատկերը կենդանացավ, և կինը քայլեց դեպի այն, ոտքն անցկացրեց նկարի շրջանակով և հայտնվեց ծովափում:Այս ընթացքում կատուն հանգիստ ընթրում էր` անտարբեր հետևելով տիրուհու պահվածքին: Երևի դա կենդանու համար սովորական երևույթ էր դարձել: Կինը վեր թռավ անսպասելիությունից. այնքան տաք էր ծովափի ավազը: Սառն անձրևից հետո արևի ջերմ շողերը և ծովի տաք ջուրը լավ ազդեցին նրա վրա` թուլացնելով մկաններն ու հանգստացնելով միտքը:Կես ժամից կինը դուրս եկավ նկարից: Հենց այդ վայրկյանին աստիճանաբար նկարից դուրս եկող արևի շողերը ետ քաշվեցին, ջրի ալիքների և ճայերի ձայները խլացան և վերջնականապես լռեցին. նկարը քարացավ և դարձավ այնպիսին, ինչպիսին որ պետք է լիներ: Սենյակը կրկին խորասուզվեց մթության մեջ, և դրսից լսվում էր միայն անձրևի կաթիլների դուրեկան խշշոցը:Մարիամը, այսպես էին անվանում տարօրինակ կնոջը, ընթրեց և որոշեց մի քիչ զբոսնել, մտքերը դասավորել: Ծովի աղի ջուրը հանգստացրել էր մկաններն ու նոր հույս հաղորդել: Բնակարանի անկյուններից մեկում տեղադրված էր ծղոտե ցախավելը, այն ցախավելներից, որոնցով յուրաքանչյուր առավոտ հավաքարարը շենքերի բակերն է մաքրում: Վերցրեց ցախավելն ու բացեց պատուհանը: Սառը, աշնանային օդն ու անձրևի կաթիլները հարվածեցին դեմքին:

Էջ 10.

-Ո՞վ է,-զարմացած և վախեցած հարցրեց տղամարդը, մինչ տղան ապշած նայում էր հոր դեմքին, թե նա ինչպես է դատարկության հետ խոսում: Տանտերը, որը 40-43 տարեկան, նիհար և բարձրահասակ տղամարդ էր, ապարդյուն փորձում էր տեսնել մութ անկյունում թաքնված ձայնի աղբյուրը, որ ծածկված էր ոսկեգույն վարագույրով:-Դու՛րս արի այդտեղից,-բղավեց տղամարդը՝ չկարողանալով տեսնել ուրվականին:Վարագույրը շարժվեց: Նախ երևացին անծանոթի փարաջայի փեշերը, որոնք քսվում էին գետնին՝ ծածկելով հյուրի ոտքերը: Սև փարաջան և քողը, որ ամբողջությամբ ծածկում էին նրա մարմինը, կարծես գիտակցություն ունենային, և առաջին հայացքից թվում էր, թե մարմին չկա նրանց ետևում, այլ միայն կտորից պատրաստված զգեստն է: Այս զգացողությունը ավելի ուժեղացնում էր այն փաստը, որ անծանոթի դեմքի փոխարեն սև անցք էր քողի մեջ, որից մինչև ոսկորները հասնող սառնություն էր փչում: Իսկ երբ հյուրի ձեռքում հայտնվեց փայլուն շեղբով գերանդին, որ արտացոլում էր ոսկեգույն իրերից անդրադարձող լույսը, հայրը դուրս բերեց տղային սենյակից:-Ինչքա՞ն է քեզ պետք ինձ 10 տարի ժամանակ տալու համար,-հարցրեց տղամարդը, համոզված լինելով, որ դրական պատասխան պիտի ստանա: Սեփական կյանքի ընթացքում նա շատ անգամներ էր փողով տարբեր խնդիրներ լուծել և մի պահ կարծեց, թե իր դիմաց կանգնածը դասվում է այդ շարքին: Մեծ եղավ նրա զարմանքը, երբ լսեց քողավորի պատասխանը:-Ինձ գումար հարկավոր չէ: Վերջացնենք,-լսվեց հյուրի քողի միջից, և երկրորդ ձեռքը ձգվեց դեպի գերանդին:-Սպասի՛ր,-բղավեց տանտերը և կուչ եկավ: Նա դանդաղ մոտեցավ պատից կախված նկարներից մեկին, մի կողմ տարավ այն և թաքստոցից հանեց գումարի կապոցը: Երբ արժանացավ անծանոթի անտարբերությանը և գերանդու շեղբի օդ բարձրանալուն, երկրորդ ձեռքը, որ նույնպես գտնվում էր թաքստոցում, դուրս եկավ, և ատրճանակի փողը նայեց քողի մեջ: