пятница, 29 января 2010 г.

Արդի հեղինակների աշխատանքներ

Նշան Աբասյան
"Ես տեղ չունեմ"

Ես տեղ չունեմ այս աներազ ու անհեքիաթ աշխարհում.
իմ միամիտ սրտի կանչը ո՜չ մի կախարդ չի լսում…
Մեծ դավերի, աղմուկների, իրարանցման մշուշում
հավատամքս` ծիծաղելի, բազուկս` թույլ, անարյուն:
Մանկան նման ճահիճներում սեր ու ժպիտ փնտրեցի…
և չգտա՜, և իմ ճերմա՜կ հանդերձանքը պղծեցի…
Իմ անուրջը` իմ սենյակում, իմ մեղեդին` կրծքիս տակ.
բաց չեմ թողնի` դուրս չփախչեն, դրսում դուք ինձ չխղճաք:
Դուք էլ չասեք` ինձ տեղ չկա, հեքիաթ չկա աշխարհում,
ու միամիտ սրտիս կանչը ո՜չ մի կախարդ չի լսում…

Գառնիկ Արունց
"Դու հայտնի անհայտության իմ գաղտնի հարստություն"

Դու լացիս ու ծիծաղիս
Համերաշխ հաստատություն,
Ջերմության ու զովության
Հաստատուն իմ հաշտություն:
Դու բախտիս կենսանվագ,
Ներդաշնակ իմ տևություն,
Բերկրանքիս ու բարկության
Օրհնազօծ թեթևություն:
Շնորհակալ թույլ տուր լինել,
Որ հետդ լաց եմ լինում,
Ու լացս դեռ կոկորդում
Շատ չանցած նորից ծիծաղում…
Շնորհակալ թույլ տուր լինել,
Որ չնչին կոպտությունս
Փշուր է դառնում գոգիդ,
Որ քեզ սառն եմ տալիս,
Դու ինձ ջերմություն ես մեկնում,
Որ քեզ այրում եմ, իսկ դու
Զովություն ես մաղթում:

Եվ ներիր մի անգամ էլ
Ամենաշատը նրա համար,
Որ քեզ այս ամենի համար
Շնորհակալ եմ լինում:

Տիգրան Մարտիրոսյան
"Վերջին կանգառ"

...Երբ որ հասնենք կանգառին մեր վերջին,
Մենք կհիշենք մեր կանգառն առաջին,
Եվ կանգառներն այն, որ զուր ենք կանգնել
Եվ կանգառներնª որոնցում չենք կանգնել...

"Շող-կաթիլ"
Կաթիլ է հոսում ապակու վրա
Քեզ հիշեցնելով, որ դեմքիդ վրա
Մի նմանատիպ կաթիլ պիտ հոսեր,
Եվ դու անպայման պիտի արտասվեիր,
Բայց դեմքիդ կաթիլ էլ չի շողշողում,
Եվ քո աչքերը չեն արցունքոտվում,
Քանզի աշխարհի ցավը տեսնելով,
Քանզի աշխարհի ցավը զգալով,
Դու քարանում ես, ապառաժ դառնում,
Բայց ցավը տեսնել դու չես դադարում:

Արևն է շողում կապույտ երկնքում,
Եվ իր շողերով նա քեզ հիշեցնում,
Որ աչքերիդ մեջ մի նմանատիպ
Շող պիտի շողար,
Եվ դու անպայման պիտ ուրախանայիր,
Քանզի աշխարհում կա երջանկություն,
Քանզի աշխարհում կա գեղեցկություն,
Եվ դա տեսնելով դու պիտի ապրես,
Եվ դա զգալով դու պիտի ճախրես,
Անսահմանությամբ քո հոգին լցնես...

Комментариев нет:

Отправить комментарий